Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 30 » Վարորդական իրավունք ստանալը հեշտացրե՞լ են, թե՞...
2:48 AM
Վարորդական իրավունք ստանալը հեշտացրե՞լ են, թե՞...

  

Հայաստանում այս տարվա 6 ամերիսների ընթացքում 30 հազար 821 քաղաքացի վարորդական իրավունքի վկայական է ստացել, որը շուրջ 10 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ի՞նչ արժե մեքենա վարել սովորելը
Երեւանում գործում են մոտ մեկ տասնյակ ավտոդպրոցներ, որտեղ մեքենա վարել սովորելու համար տարբեր ընթացակարգեր եւ գներ են սահմանված: Այսպես, 
«Մոբիլ Սթարթ» ավտոդպրոցի տնօրեն Գարեգին Արզումանյանը հայտնեց, որ իրենց մոտ մեքենա վարելու դասընթացը տեւում է 1,5 ամիս, որի մեջ ներառվում է եւ տեսական, եւ պրակտիկ դասերը: Դասընթացի ընդհանուր արժեքը 145 հազար դրամ է: Տնօրենը չցանկացավ նշել, թե օրինակ տարեկան կամ ասմական քանի մարդ է դիմում իրենց մեքենա վարել սովորելու համար:

«Դվին» ավտոդպրոցի  աշխատակից Գառնիկ Խոջագուլյանը նշեց, որ իրենց մոտ տեսական պարապմունքները  ներառում են 20 ուսումնական օր եւ արժեն 25 հազար դրամ, իսկ պրակտիկ դասընթացի մեկ ժամն արժե 3500-4000 դրամ (կախված նրանից, թե ավտոմեքենայի փոխանցման տուփը մեխանիկական է, թե ավտոմատ):

Մեկ այլ ավտոդպրոցում, որի աշխատակիցը չցանկացավ ներկայանալ եւ ասել իրենց ավտոդպրոցի անվանումը, տեսական պարապմունքներին հատկացվում է 30 ժամ եւ արժե 25 հազար դրամ, իսկ պրակտիկ դասընթացի մեկ ժամն արժե 3000 դրամ: «Բարի երթ» ավտոդպրոցում էլ տեսական դասընթացները տեւում է 10 օր` 4-ական ժամով եւ արժե 30 հազար դրամ, իսկ պրակտիկ դասընթացների մեկ ժամը 3500 դրամ:

Ի՞նչ է անհրաժեշտ վարորդական իրավունք ստանալու համար

Քաղաքացիների կողմից վարորդական իրավունքի վկայականներ ստանալու, քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական հատկացնելու փոփոխությունները սահմանվել են ՀՀ կառավարության թիվ 424 որոշմամբ, իսկ վարորդական վկայական ստանալու նոր ընթացակարգը ուժի մեջ է մտել այս տարվա մայիսի 14-ից: Ի դեպ, Խորհրդային նմուշի վարորդական վկայականների ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին:

Ըստ սահմանված  կարգի` 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով դիմի ՃՈ տարածքային հաշվառման քննական ստորաբաժանում` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, կարող է քննություններ հանձնել եւ ստանալ այն: Վարորդական վկայական ստանալու համար դիմողը պետք է հանձնի երկու քննություն` տեսական եւ գործնական: Տեսական որակավորման քննություններն անցկացվում են համակարգչային տարբերակով, թեստերի միջոցով, որում ներառված 10 հարցից 9-ին պատասխանելու դեպքում, համարվում է, որ ապագա վարորդը քննությունը հանձնել է:

Դրան հաջորդում է գործնական քննությունը`  հաշվառման ստորաբաժանումում, ինչը եւս բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին ստանում է վարորդական վկայականը: Այն անձն, ով առաջին անգամ է ստանում վարորդական իրավունքի վկայական, պետք է մասնակցի որակավորման քննություններին:

Վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին յուրաքանչյուր քննության համար պետք է վճարի 3 հազարական դրամ, վարորդական վկայական ստանալու համար 12 հազար դրամ, իսկ գործնական քննության համար` 10 հազար դրամ:

Այսպիսով`վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ է  ֆիզիկական անձի ներկայություն, անձնագիր, 28 հազար դրամ` պետական տուրքերը վճարելու համար, փորքիշատե գիտելիքներ եւ երկու քննություններին մասնակցություն: Նախորդ կարգի համեմատ` գործող կարգում մասնավորապես հանել են բժշկական հավատարմագրման տեղեկանքի առկայությունը (փսիխո), ինչպես նաեւ ավտոդպրոցներում պարտադիր սովորելու պայմանը:

Վարորդական վկայական ստանալու նոր ընթացակարգը բազմաթիվ խնդիրներ եւ դժգոհություններ է առաջացրել ավտոդպրոցների շրջանում: Ավտոդպրոցներից մեկի աշխատակիցը նշեց, որ նոր ընթացակարգի պատճառով ավտոդպրոցներում սովորող անձանց թիվը պակասել է, իսկ դրա արդյունքում հնարավոր է ավտովթարների կտրուկ աճ: 

«Բարի երթ» ավտոդպրոցի աշխատակից Արտավազդ Ասատրյանի խոսքով` ամիսը 10-15 անձ է հազիվ դիմում, եւ այսօր շատ դպրոցներ փակման եզրին են:

«Հանրապետությունում գործող 100 դպրոցներից մոտ 90-ը փակվեցին,մոտ 800 աշխատող դուրս է մնում աշխատանքից, այդքան հարկատուներ պակասում են, այդքանը հաշվի չեն առել նրանք»,- ասաց Արտավազդ Ասատրյանը: Հարցին, թե կառավարության որոշումից դժգոհ անձինք որեւէ կերպ արտահայտե՞լ են իրենց տեսակետը, Արտավազդ Ասատրյանը նշեց. «Ու՞մ դեմ արտահայտեմ, աղջիկ ջան»:

Ի դեպ, նոր ընթացակարգը ներկայացնելիս պատկան մարմինները նշել էին, որ այժմ վարորդական իրավունքի ստացման գործընթացը հեշտացված է:

«Չեն հեշտացրել, հիմարացրել են ամեն ինչ: Պատկերացրեք, որ այդ մարդը գնում է քննություն հանձնում եւ անցնում, բայց նա գժանոցում կամ պոլիկլինիկայում հաշվառված է, իսկ ԳԱԻ-ն այսօր տեղեկություն չունի` տվյալ մարդն իրավունք ունի՞ վարորդական իրավունք ունենալու, թե` ոչ»,- նշեց ավտոդպրոցներից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ:

Ըստ նրա` վարորդական վկայական ստանալու համար ավտոդպրոցում չսովորելը նույնն է, ինչ դպրոցները փակել եւ ասելը` գնացեք տանը սովորեք եւ եկեք բուհ ընդունվեք:

«Մենք պատրաստում էինք որակյալ վարորդներ, պարտադիր գալիս էին պարապում, սովորում, իսկ այսպես կարող են տանը նստել, մի երկու բան կարդալ, հարեւանի մեքենան քշել, վարորդական իրավունք հանել եւ այդպես էլ ավտովթարները շատանում են»,- ասաց նա` հավելելով, որ ցանկացած երկրում, երբ օրենքում փոփոխություններ են անում, լսում են նաեւ մասնագետների կարծիքը, առաջարկությունները, ինչը մեզանում չի արվել:

Հղում՝

http://myhayastan.do.am/publ/avto_norowt'yownner/varordakan_
iravownq_stanaly'_heshtacre_l_en_t'e_gner_paymanner/15-1-0-1374

Դիտել են՝: 359 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Վարորդական, հեշտացրել, ստանալ, իրավունք | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz